Վրաստան մատակարարվող բնական գազի սակագինն աճելու է մարտի 1-ից` առայժմ միայն իրավաբանական անձանց համար: Վրաստանը պաշտոնապես դիմում է Ադրբեջանի պետական նավթային ընկերությանը` SOCAR-ին, խնդրելով չբարձրացնել բնական գազի սակագինը՝ կառավարության նիստում հայտարարեց վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին: «Մենք արդեն իսկ կապ ենք հաստատել Ադրբեջանի պետական նավթային ընկերության ներկայացուցիչների հետ, և նրանք պատրաստակամություն են հայտնել բանակցել ու որոշակի համաձայնությունների գալ այս հարցում: Հանձնարարում եմ երկու փոխվարչապետերին` տնտեսական խորհրդի անդամների հետ միասին լուծել այս խնդիրը: Մենք, ըստ ամենայնի, կդիմենք ադրբեջանական կողմին` խնդրելով հետաձգել վերջնական որոշման կայացումը կամ գոնե դրա իրագործման ժամկետները», - ասաց Ղարիբաշվիլին:
Վրաստան մատակարարվող բնական գազի սակագինն աճելու է մարտի 1-ից` առայժմ բացառապես իրավաբանական անձանց համար: Թբիլիսում, օրինակ, մեկ խորանարդ մետր գազի գինը մարտի 1-ից կաճի մոտ 30 տոկոսով` հասնելով 45 սենտի: Մարզերում ևս գազի գինը կաճի, սակայն կշարունակի ավելի ցածր մակարդակի վրա մնալ, քան մայրաքաղաքում:
Վրաստանի կառավարության` Ադրբեջանին դիմելու որոշումը ևս պատահական չէ․ Վրաստանը բնական գազի 80 տոկոսը ստանում է Ադրբեջանից: Ադրբեջանի պետական նավթային ընկերության վրացական ստորաբաժանումներից մեկը` SOCAR Georgia Gas-ը, վառելիքը վաճառում է մատակարար ընկերություններին, որոնք էլ, իրենց հերթին, զբաղվում են վառելիքի մանրածախ առևտրով:
Ադրբեջանական կողմը գազի սակագնի բարձրացումը բացատրում է վրացական տարադրամի` լարիի վերջին ամիսներին նկատվող արժեզրկմամբ:
Անդրադառնալով այս խնդրին՝ Վրաստանի փոխվարչապետ Կախա Կալաձեն նշում էր․ «Մայրաքաղաքին գազ մատակարարող KazTransGas-ը, մատակարար մյուս ընկերությունները հայտարարում են, որ լուրջ կորուստներ են կրել լարիի արժեզրկման պատճառով, ուստի գազի սակագնի աճն անխուսափելի է»:
Էներգետիկայի փոխնախարար Մարիամ Վալիաշվիլու խոսքով էլ՝ կառավարությունը կանի հնարավորը, որպեսզի գազի սակագնի աճը չվատթարացնի Վրաստանի ազգաբնակչության սոցիալական վիճակը: «Որևէ մեկի համար գաղտնիք չէ, որ լարիի փոխարժեքի անկման պատճառով գազի գինն ավելացել է, և այժմ մեկ խորանարդ մետրի գինը կազմում է շուրջ 86 թեթրի: Դա էլ հենց ստիպեց ադրբեջանական ընկերությանը վերանայել սակագինը: Մենք, սակայն, կարողացանք համաձայնության գալ, ըստ որի՝ հացի գործարանների համար պահպանվելու է գազի արտոնյալ գինը»,- հայտարարում էր Վրաստանի էներգետիկայի փոխնախարարը: